+374 60 478989

«Հավասարության առաջամարտիկի եվ լավագույն լրագրողական նյութի» պարգևատրման միջոցառում, 2019թ․

28 December, 2019

2019 թվականի դեկտեմբերի 28-ին  տեղի ունեցավ «Հավասարության առաջամարտիկի և լավագույն լրագրողական  նյութի» պարգևատրության միջոցառում, որին  հրավիրված էին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ աշխատակազմը, ՀԿ-ի հետ համագործակցող իրավապաշտպաններ, լրագրողներ, դասընթացավարներ ու փորձագետներ, ինչպես նաև համագործակցող ՀԿ-ների ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես եկավ  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը՝ ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հավասարության առաջամարտիկներին, իրավապաշտպաններին և խոցելի խմբերի հիմնահարցերը լուսաբանող լրագրողներին՝ իրենց խիզախ գործուենության համար։

Այնուհետև տեղի ունեցավ նոմինացված հավասարության առաջամարտիկների ներկայացումը և շնորհակալագրերի հանձնումը։

ՆՍՀԿ ծրագրերի համակարգող Ալինա Միրզոյանը նշեց, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ 2014թ-ից իրականացնում է «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագիրը Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ, որի շրջանակներում կազմակերպում է լավագույն լրագրողական նյութի և Հավասարության առաջամարտիկների՝ խոցելի խմբերի ակտիվ իրավապաշտպանների և ակտիվիստների պարգևատրման միջոցառումը։

Միջոցառման նպատակն է ճանաչել և խրախուսել խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված ակտիվ իրավապաշտպանական գործունեություն ծավալած, ինչպես նաև տվյալ խմբերի հիմնահարցերը լուսաբանող լավագույն լրագրողական նյութը ներկայացրած անձանց։

Ալինա Միրզոյանը ներկայացրեց նոմինացված հավասարության առաջամարտիկներից մեկի՝  Նորա Պետրոսյանի իրավապաշտպան գործունեությունը։ Նորան այդ պահին երկրում չէր, այդ պատճառով չէր կարողացել մասնակցել պարգևատրման միջոցառմանը։ Վերադառնալուն պես Նորային անպայման կհանձնվի իր շնորհակալագիրը։

 «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» ՀԿ նախագահ Հովհաննես Մադոյանը ներկայացրեց Լիլիթ Մարտիրոսյանի իրավապաշտպան գործունեությունը՝ ընդգծելով նրա ելույթը ԱԺ ամբիոնից։

ՆՍՀԿ ֆինանսական համակարգող Արման Սահակյանը ներկայացրեց փաստաբան Արա Ղարագյոզյանի իրավապաշտպան գործունեությունը՝ շեշտելով, որ իր մասնագիտական պարտականություններից զատ նա մշտապես պաշտպանում է խոցելի խմբերի շահերը, խտրականությունից ու բռնությունից զերծ մնալու նրանց իրավունքը։ Արման Սահակյանը շնորհակալություն հայտնեց Արային՝ իր գործունեության համար և նրան հանձնեց շնորհակալագիրը։

«Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ներկայացրեց 2019թ․-ի հավասարության առաջամարտիկ ճանաչված Արտակ Առաքելյանի իրավապաշտպան գործունեությունը՝ շեշտելով սկսնակ իրավապաշտպաններին խրախուսելու կարևորությունը և Արտակին հանձնեց վկայագիրը ու մրցանակը։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ ֆինանսական համակարգող Արման Սահակյանը ներկայացրեց «Հանցագործ աշխարհում  նույնասեռական տերմինը խարան է ամբողջ կյանքի համար․ ԼԳԲՏ ազատազրկված անձանց խնդիրները Հայաստանի բանտերում»  նյութի հեղինակ Նարե Հովհաննիսյանի և «Տարբերվողը»  նյութի հեղինակ Սամվել Պետրոսյանի աշխատանքները, ապա Նարե Հովհաննիսյանին հանձնվեց պատվոգիրն ու մրցանակը՝  իր  նյութով հաղթող ճանաչվելու համար, իսկ Սամվել Պետրոսյանին հանձնվեց մասնակցության վկայականը։

Այնուհետև Արման Ղարիբյանը վարեց թեմատիկ զրույց «Մարդու իրավունքների իրավիճակը ՀՀ-ում» թեմայով, որի ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում մրցանակակիրների,  փորձագետների և այլ մասնակիցների միջև,  նրանց կատարած աշխատանքի,  անցած ճանապարհի, նրանց նկատմամբ գործադրված ճնշումների , խտրականության հիմքով առաջացած խնդիրների ու դրանց հաղթահարման ուղիների մասին։

Քննարկումը հետաքրքիր էր ու հուզիչ։