+374 60 478989

ՄՀՀ նոր անհատական կազմի առաջին նիստը

03 Օգոստոսի, 2018

2018թ.-ի օգոստոսի 2-ին Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի նիստերի դահլիճում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախագահմամբ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) նոր անհատական կազմի առաջին նիստը: Նիստին մասնակցում էին ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան, ՀՀ Առողջապահության նախարարության, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ  նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ֆինանսիստ Արման Սահակյանը և առողջության պահպանման, մատչելիության և հասանելիության ծրագրերի համակարող Արտյոմ Մովսեսյանը:

Նիստի օրակարգում դրված հարցերն էին ՄՀՀ փոխնախագահի ընտրությունը և ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի դրամաշնորհային հայտի ներկայացումն ու հաստատումը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերի համակարգող Աստղիկ Գրիգորյանը միաձայն ընտրվեց ՄՀՀ փոխնախագահ:

ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դրամաշնորհային հայտը, որն ուղեկցվեց հարց ու պատասխանով:

ՄՀՀ անդամները միաձայն քվեարկեցին ներկայացված ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դրամաշնորհային հայտի օգտին և հաստատեցին վերջինիս ներկայացումը Գլոբալ հիմնադրամ նոր դրամաշնորհ ստանալու նպատակով: