+374 60 478989

Նույնասեռականությունը հոգեկան հիվանդություն չէ. Դատարանի որոշմամբ ուժի մեջ մնաց անձի վարորդական վկայականը

13 Ապրիլի, 2018

Նույնասեռականությունը հոգեկան հիվանդություն չէ.

Դատարանի որոշմամբ ուժի մեջ մնաց անձի վարորդական վկայականը

2018թ.-ի ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ` դատավոր Լիանա Հակոբյանի, կայացրեց վարչական գործով արդարացի վճիռ՝ հօգուտ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ շահառու X.X-ի:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ շահառու X.X-ը 2011թ.-ին ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ նույնասեռական հանդիսանալու հիմքով, սակայն, ինչպես նույնանման բոլոր այլ դեպքերում, այս անգամ ևս որպես հիմք նշվել է հոգեկան հիվանդություն ունենալու հիմքով զորակոչից ազատելը:

Շահառու X.X-ը 2013թ.-ին օրինական կարգով ձեռք է բերել վարորդական վկայական: 08.08.2016թ.-ին տեղեկանալով իր վարորդական վկայականն ուժը կորցնելու մասին, X.X-ը դիմել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն՝ խնդրելով տրամադրել իր վերաբերյալ ընդունված համապատասխան ակտը, որին ի պատասխան պատասխանողը նշել է.

 «Ձեր XX.XX.XXթ.-ի դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ Դուք ընդգրկված եք Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատի կողմից Ճանապարհային ոստիկանությանը տրամադրված 2010-2012թթ. հոգեկան հիվանդություններով զորակոչից ազատված անձանց ցուցակում՝ որպես հոգեկան հիվանդ:

...հաշվի առնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին| ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի պահանջները՝ Ձեր անվամբ տրված MG X վարորդական վկայականը համարվում է անվավեր/ուժը կորցրած/:

Հայցվոր X.X-ը դիմել է դատարան: Նրա ներկայացուցիչը նշել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից ՀՀ ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում X.X-ի վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին գրառումն իրավաչափ չէ, այն խախտում է X.X-ի մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի և խտրականությունից զերծ լինելու իրավունքները: Տվյալ իրավիճակում խտրականություն է դրսևորվել թե՛ օրենքում, թե՛ իրավակիրառողի կողմից:

Վարչական մարմինը պարտավոր էր որպես իրավակիրառող հաշվի առնել ՀՀ Սահմանադրության և միջազգային ակտերի՝ խտրականությունն արգելող դրույթները և չկիրառել հակասության փաստի ուժով չգործող իրավական նորմը:

 

Հիմք ընդունելով վերոհիշյալը, վարչական դատարանը վճռել է.

X.X-ի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ ՀՀ ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում հայցվորի թիվ   MG X վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին XX.XX.XXթ. գրառումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել. անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՀՀ ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում հայցվորի թիվ    MG X վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին XX.XX.XXթ. գրառումը և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Ե. Կարապետյանի և XX.XX.XXթ. թիվ X գրությունը:

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ X.X-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: