+374 60 478989

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կդառնա ավելի հասանելի, քան երբևէ

08 Հոկտեմբերի, 2018

ՄԻԱՎ-ը  ժամանակին ախտորոշելու դեպքում լիովին վերահսկելի է, այնինչ մինչ օրս  ՄԻԱՎ-ը`  Մարդու իմունային անբավարարության վիրուսը, շատերը նույնացնում  են  ՁԻԱՀ-ի՝  Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի հետ և ախտորոշումը համարում մահվան դատավճիռ: Իրականում   ՁԻԱՀ-ը  ՄԻԱՎ-ի վերջնային փուլն է: ՄԻԱՎ-ի վերաբերյալ պարբերաբար հետազոտվելը կօգնի ժամանակին հայտնաբերել և վերահսկել այն:

«Շուտով ՄԻԱՎ-ի վերաբերյալ  հետազոտությունը կդառնա ավելի հասանելի,  քան երբևէ»,- ասում է ՆՍՀԿ-ի աշխատակից Արման Սահակյանը, որը մասնակցում էր  «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում» կազմակերպված ՄԻԱՎ-ի թեստավորման և կանխարգելման սեմինար-վարժանքին:

«2017 թվականի օգոստոսից  ՆՍՀԿ-ի շահառուներն արդեն իսկ հնարավորություն ունեն անվճար հետազոտություն անցնել կազմակերպության գրասենյակում, իսկ հիմա, դասընթացն անցած աութրիչների վերապատրաստման շնորհիվ, հնարավոր կլինի հետազոտություն անցնել իրենց հարմար վայրերում: Սա ենթադրում է, որ որպես խորհրդատու վերապատրաստված աութրիչ աշխատակիցը կարող է հետազոտություն իրականացնել ինչպես շահառուի տանը, այնպես էլ այն վայրերում, որտեղ հնարավոր է ապահովել հետազոտության իրականացման համար անհրաժեշտ նախապայմանները՝  ջերմաստիճան, լուսավորություն, գաղտնիության ապահովում և այլն»:

Երկօրյա դասընթացը կարևորվում է նրանով, որ անմիջականորեն թիրախային խմբերի հետ աշխատող անձինք, այս դեպքում՝ աութրիչ աշխատակիցներն ամրապնդեցին ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրենց գիտելիքների պաշարներն ու ձեռք բերեցին համապատասխան մասնագիտական հմտություններ՝ իրենց իսկ շահառուների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցկացնելու համար: Սա իր հերթին հնարավորություն է ստեղծում այս հետազոտությունը դարձնել առավել հասանելի այն խմբերի համար, որոնց հետ աշխատում է կազմակերպությունը:

Սեմինար-վարժանքն իրականացվում է ՆՍՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի և Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրերի  աշխատակիցների համար, որին աջակցել է ՀՀ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը։