ԼԱՅՖ-3 Արտագնա տեղեկատվական հարթակ ՏՍՏ և Տրանս* համայնքների ներկայացուցիչների համար

Արդեն երրորդ անգամ տեղի ունեցավ ԼԱՅՖ արտագնա տեղեկատվական հարթակը: Այս անգամ ևս այն կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Առողջության Իրավունք» ծրագրի շրջանակներում ՏՍՏ և Տրանս* սկսնակ ակտիվիստների համար:  

Տեղեկատվական հարթակի նպատակն էր ՏՍՏ և Տրանս* անձանց շրջանում բարձրացնել առողջության իրավունքի վերաբերյալ գիտելիքները, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը ՄԻԱՎ-ին հակազդման ազգային մարմիններում:

ԼԱՅՖ 3-ի առաջին օրը մասնակիցները պլենար նիստի շրջանակներում հանդիպեցին Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ներկայացուցիչ Լելա Լոմիայի հետ, որի ընթացքում խոսվեց համայնքի ընդհանուր հիմնախնդիրների, առողջության ոլորտում իրավունքների ոտնահարման, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտում ԼԳԲՏԻ+ անձանց կարիքների և ծրագրերի մասին: Տրանս* համայնքի ներկայացուցիչները ներկայացրեցին առողջության ոլորտում իրենց հուզող խնդիրները, այն է հորմոնաթերապիայի և վերամասնագիտացված էնդոկրինոլոգների բացակայության հարցը, ինչպես նաև խոսվեց ոստիկանության կողմից ոտնահարվող դեպքերի և հասարակության ու պետական մարմինների տրանսֆոբ վերաբերմունքի մասին: Այնուհետև մասնակիցները տեղափոխվեցին քաղաք Աղվերան, որտեղ էլ շարունակվեց դասընթացների շարքը: Առաջինը ներկայացվեց «Սեռականություն» թեման, որի ընթացքում դասընթացի հոգեբան, սեռականության փորձագետ Էլվիրա Մելիքսեթյանը ներկայացրեց սեռականություն հասկացությունը, պատմեց գենդերի և նրա տարբերակումների մասին: Խոսվեց նաև սեռական կողմնորոշման և նրա բազմազանության մասին:  

ԼԱՅՖ 3-ի երկրորդ օրը ՆՍՀԿ իրավաբան Անահիտ Մկրտչյանը «Առողջության իրավունք» թեմայի շրջանակներում մասնակիցներին ներկայացրեց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև ՀՀ-ում բժշկական հիմնարկներում բժշկական անձնակազմի ցածր իրավագիտակցությունը և ԼԳԲՏ+ անձանց առնչվող բժշկական գիտելիքների ցածր մակարդակի, բժշկական անձնակազմի կողմից դրսևորվող խտրական վերաբերմունքը և խտրականության հաղթահարման մեխանիզմները: Հանդիպման ողջ ընթացքն ուղեկցվում էր տեսահոլովակների դիտմամբ և գործնական աշխատանքներով: «Մարդու իրավունք» թեմայի շրջանակներում, խոսվեց մարդու հիմնարար իրավունքների, Մարդու իրավունքների Եվրոպական Դատարան դիմելու ընթացակարգի, ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքների, պարտավորությունների և արտոնությունների վերաբերյալ:

Երկրորդ օրը նույնպես նախատեսված էր պլենար նիստ, որին մասնակցում էին ECOM-ի ծրագրերի ղեկավար Ելենա Գերմանը տեսազանգի միջոցով, ում մասնակիցները հղեցին ծրագրին առնչվող իրենց հետաքրքրող հարցերը: Որից հետո ելույթ ունեցավ «Հանրային Տեղեկատվություն և Գիտելիքի Կարիք» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը, ով ներկայացրեց իր անձնական փորձը ակտիվիզմի ոլորտում: Մ. Հովսեփյանը նույնպես զերծ չմնաց հարցերի տեղատարափից, որոնք ուղղեցին մասնակիցները և ստացան սպառիչ պատասխաններ: Այնուհետև «Առողջության Իրավունք» ծրագրի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը և ծրագրի համակարգող Արտյոմ Մովսեսյանը մասնակիցների հետ զրուցեցին Հայաստանում ՄՀՀ աշխատանքների, որոշումների կայացման գործընթացում ՏՍՏ և Տրանս* համայնքների ներգրավվածության կարևորության, նաև այն մասին, թե ինչպես են ՏՍՏ և Տրանս* համայնքների ներկայացուցիչները տեսնում «Առողջության Իրավունք» ծրագրի շարունակականությունը: 

Արտագնա հանդիպման վերջում կատարվեց դասընթացի գնահատում, որից հետո մասնակիցներին շնորհվեցին վկայականներ:

«Առողջության Իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) միջոցով, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից:

_______________________________________________________________________________________________________________________________________________

Հակիրճ տեղեկատվություն՝

 ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամ. ռուսերեն և անգլերեն

 Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիա (ECOM). ռուսերեն և անգլերեն

«Առողջության իրավունք» տարածաշրջանային ծրագիր. ռուսերեն և անգլերեն